February 8th, 2015

абг

Диаспора. Мнение

Оригинал взят у david_vanyan в ՏԱՎՈւՇ-սփյուռք

Տավուշի գյուղերը անընդհատ գնդակոծության տակ են, հատկապես, նախկին Շամշադինի, այսպես ասեմ, որ ուշադրություն սևեռվի։ 180 կմ սահման ունի ադրբեջանական երեք (Թովուզ, Ղազախ, Գեդաբեգ) շրջանների հետ նախկին Շամշադինը, որտեղ հերոս ժողովուրդ է ապրում։ Դժվար է Երևանում կամ Աբովյանում օրվա խնդիրներով ապրող հայ մարդուն բացատրել, թե ինչ է նշանակում հերոս Մովսես, կամ արի՝ Չինարի, կամ խրոխտ՝ Այգեձոր, կամ Ներքին Կարմիր՝ վսեմ, կամ Այգեպար՝ կանգուն, կամ Պառավաքար՝ արդար․․․ Այստեղ մարդը՝ հայ ազնվացեղ շինականը արմատներով խրված մայր հողին ամենօրյա պատասխանն է տալիս ողջ հայ ժողովրդի տարած ռազմական ու քաղաքական հաջողությունների համար։ Այստեղ՝ փողը որդիներն են ուղարկում՝ դրսից, գալիս են, պահածոյի գործարան են հիմնում, արտադրամասեր են նախաձեռնում, եկեղեցիներ են կառուցում, որպեսզի, թերևս մի քսան հազար մարդ ապրուստի միջոց ունենա մեկ միլիոնանոց ադրբեջանական ռեգիոնի դիմացի սահմանում, քանի դեռ երևանցին սերիալներ է նկարահանում ու թունավորում իրենց պարզ ու վտանգաշատ օրերը։ Նրանք, ովքեր երեկ կռվում էին, արյուն տալիս, աննկատ հեռացան, դարձան մի նոր սփյուռք։ Պետությունն իր առաջին դեմքի բերանով առաջարկում է վերևի գյուղերից իջնել, ներքևի շեն գյուղերում ապրել, շինականը մի հարց լուծելու համար պիտի Բերդի փոխարեն՝ Իջևան հասնի, երբ Բերդ հասնելն էլ (իմիջիայլոց, Բերդը բանտ չէ, Շամշադինի շրջկենտրոնն է) մեծ պրոբլեմ է․․․
Ու հիմա, նորից կրակոցների տեղատարափ, նորից զոհեր։
Հայաստանի գլուխը չէ Երևանը, այն Հայաստանի փորն է անտակ։
Փրկեցեք Հայաստանի շրջանները, հայոց իշխաններ, որովհետև, հակառակ դեպքում, քաղաք պետություն ենք դառնալու՝ ռեզերվացիայի կարգավիճակով։
——————————————————————————————————————————————
Հայկական լիաթոք, լիափոր սփյուռք։
Ժողովներ եք անում, քաղաքականություն եք ճշտում, Ձեր երկրներում լոբբիստական կառույցներ եք հիմնում, որոշ երկրներում բյուջեից դրամ եք ստանում՝ Ձեր փարթիների ու ամանորյա հանդեսների համար։ «Мисс Армянка» եք անցկացնում, հարսնացու ընտրելու համար, ամպագոռգոռ հայտարարում եք, որ մենք այլ ենք, ուրիշ ենք, առաջին քրիստոնյան ենք, առաջին եղեռնը մերն է(ամոթ էլ է)․․․
Բայց մոռացել ե՞ք, որ Դուք Հայաստանի համար եք։ Ի՞նչ արժեք ունի Ձեր գործունեությունը, եթե տեր չեք մեր Երկրին։ Գիտեմ, կասեք՝ նախագահը լավը չէ։ Պառավաքարին ու Չինարիին ուշադրություն դարձրեք։ Այստեղ նախագահը լավն է։ Կասեք՝ աջակցություն չենք տեսնում՝ ասել է թե՝ այնտեղ տարած օգնությունը Ձեր երկրում Ձեզ չի ռեկլամում։ Ոչինչ, հոգու համար արեք, առանց օգուտի ակնկալիքի։ Մարդ եղեք, այ մարդ։ Տանը՝ օտար լեզվով, գրում եք ռուսերեն կամ անգլերեն, մեծ-մեծ բաներից եք պատմում ու Ձեզ ներկայացնում որպես ռահվիրա։ Հայաստանն է մեր մայրն ու դուստրը՝ միաժամանակ։ Հայաստանին ուշադրություն դարձրեք, խնդրում եմ։
Սիրելի հայրենակիցներ, Դուք որ շատ բան եք արել մեր երկրի համար, ես Ձեր առջև խոնարհվում եմ։ Ես ուզում եմ, որ Հայը դրսում, Հայաստանի շուրջ ապրի։ Ավել ոչինչ։ Ես դրամահավաքի կոչ չեմ անում։ Ես կոչ եմ անում՝ Հայաստանակենտրոնության։